Ոջույն, հարգելի պրն Հարությունյան
Իմ անունը Արեգ է, անցյալ տարի Հայաստան եմ վերադարձել Չեխիայի Հանրապետությունից, որտեղ սովորել եմ մեկ տարի: Հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կ/հ-ի 12-րդ դասարանում, աշխատում եմ «Հանրային հեռուստաընկերություն»-ում որպես պրոդյուսեր, խմբագիր և հաղորդավար:
Հարգելի պրն Հարությունյան, վերջերս տեղեկացա այն փոփոխությունների մասին, որոնք պատրաստվում եք անել. խոսքը 12-րդ դասարանի ավարտական քննությունները միասնական քննություններով փոխարինելու մասին է: Դրա հետ կապված` ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ մտավախությունները:
Նախ թույլ տվեք նշել, որ հեղափոխության առաջին իսկ օրերից ես մասնակցել եմ քայլարշավներին: Առաջին օրը՝ ապրիլի 14-ին, ես եմ կազմակերպել մեր դպրոցից քայլարշավ դեպի Հաղթանակի կամուրջ:
Հարգելի պրն Հարությունյան, իմ կարծիքով, դպրոցը, հատկապես` ավագ դպրոցը, պետք է լինի մի վայր, ուր աշակերտները որոնում-գտնում են իրենց կյանքի հետագա ուղին: Ես արդեն գտել եմ իմ ուղին, ցանկանում եմ շարունակել իմ կարիերան որպես պրոդյուսեր, խմբագիր և հաղորդավար: Իմ դպրոցը ինձ օգնել է այս հարցում, ցույց տվել ինձ տարբեր ուղղություններ, տարբեր ծրագրերի և տարբեր նախագծերի մասնակցելու տարբեր հնարավորություններ է տվել, որոնց շնորհիվ ես հավաքել եմ փորձ ու որոշ մասով հասել իմ նպատակին:
Հարգելի պրն Հարությունյան, եկեք չխաբենք ինքներս մեզ. ես և դուք շատ լավ գիտենք, որ մեր բոլոր դպրոցները Սովետական Միության փլուզումից հետո շարունակում են աշխատել մի սիստեմով, որը փտած է: Եթե այս փոփոխությունները իրականացվեն, կստացվի, որ ես, որպես աշակերտ, ով արդեն ընտրել է իր ուղին և հասել է որոշ հաջողությունների, ստիպված եմ լինելու ծախսել ժամանակ, վճարել կրկնուսույցների, որպեսզի կարողանամ ավարտել դպրոցը: Խոսքս, բնականաբար, չի վերաբերում «Մխիթար Սեբաստացի» կ/հ-ին:
Հարգելի պրն Հարությունյան, ես միայն ուրախանում եմ` տեսնելով, որ Հայաստանում կոռուպցիան նվազում է: Բայց դուրս է գալիս, որ կրթական Ձեր փոփոխությունների պատճառով ես ստիպված եմ լինելու վճարել անհատ անձանց, որպեսզի նրանք ինձ հետ պարապեն այս կամ այն առարկան: Եթե սա չէ կոռուպցիան, ապա ես չգիտեմ` ինչ է դա:
Ձեր թույլտվությամբ մի քիչ ավելի ազատ խոսեմ Ձեզ հետ:
Ես, ազատ ու անկախ երկրում, չեմ ուզում պարտավորություն ունենալ քննություններ հանձնել տարբեր տեսակի ֆունկցիաների, սինուսների, կոսինուսների և մնացած այն ամենի մասին, որոնք իմ կյանքում երբեք չեմ օգտագործելու:
Ես չեմ ասում, որ մաթեմատիկան, որպես առարկա, պետք է վերանա, սակայն խնդրում եմ, որ սկզբում թող փոփոխություններ լինեն կրթության մեթոդներում, գրքերում և վերջ ի վերջո կրթական համակարգում, թե չէ այսպես ստացվում է, որ ես հանձնում եմ լավ կազմակերպված քննություն 12 տարի վատ կազմակերպված համակարգում սովորելուց հետո:
Որպես վերջաբան, պրն Հարությունյան, ցանկանում եմ Ձեզ խնդրել, որպեսզի Դուք փորձեք այս ամենը տեսնել իմ` 17 տարեկան պաւտանու աչքերով, նրա, ով արդեն ընտրել է իր ուղին և ում ապագան կախված է մի առարկայից, որի թեմաների մեծ մասը երբեք չի օգտագործել և չի օգտագործելու կյանքում:
Մեծ փոփոխությունների հասցնում են փոքր քայլերով, իսկ, երբ միանգամից մեծ փոփոխություններ են լինում առանց փոքր քայլերի` բոլորը դրանցից տուժում են:
Սիրով և սպասելիքներով լի՝ Արեգ Գալոյան